Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օր

Կատաղությունը  ջրվախություն կենդանիների և մարդկանց սուր վարակիչ հիվանդություն, արտահայտվում է հիմնականում կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, ուղեկցվում շարժիչ կենտրոնների սուր գրգռվածությամբ, շնչառական ու կլման մկանների ջղաձգումներով, անդամալուծությամբ և վերջանում մահով։ Կատաղությունը առաջինը գիտականորեն ուսումնասիրել է Լ. Պասայորը և առաջարկել հակակատաղության վակցինան։ Կատաղության հարուցիչը նեյրոտրոպ վիրուսն է։ Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են:

Հիվանդության զարգացմանը զուգընթաց ջղաձգության նոպաները հաճախանում են։ Նկատվում է ուժեղ արտահայտված թքարտադրություն, առաջանում է վերին և ստորին վերջույթների անդամալուծություն, և հիվանդը մահանում է սրտի կաթվածից։ Բուժումը ախտանշանային է, դեղամիջոցներով կանխում են ջղաձգության նոպաների առաջացումը, հանգստացնում ցավերը և նպաստում քնի առաջացմանը։ Կանխարգելումը. կատաղությամբ հիվանդ կամ կասկածելի կենդանու կծելու դեպքում նախ կատարում են վերքի տեղական մշակում օճառի խիտ լուծույթով, այրում յոդի սպիրտային լուծույթով ու ծխացող ազոտական թթվով, ապա լցնում հակակատաղության գամմա-գլոբուլին, անմիջապես նշանակում հակակատաղության պատվաստումներ։