Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կան վիրավորներ.

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 28-ամյա Արթուր Մարտիրոսյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 NM 739 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Մխիթարյանի վարած Toyota մակնիշի 69 ZO 009 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորում, իսկ Volkswagen-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում քննիչները:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի