Հուսով եմ` հավանության կարժանանա մինչեւ 2025-ի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 4-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երեւան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը ողջունել է հյուրերին եւ կարեւորել նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարեւոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը:

Նշելով, որ մինչեւ այս, Երեւանում կայացել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը, ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը եւս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաեւ մինչեւ 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերի եւ Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին:

Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել նախարարների խորհրդի երեւանյան նիստի աշխատանքին: