Երևանում դանակահարել են 16 և 28-ամյա եղբայրների, կրտսեր եղբայրը մահացել է

Հունիսի 30-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 2000 թ. ծնված Հայկ Ասիրյանը, ժամը 23.15-ին` 1988 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, իսկ ժամը 23.20-ին` 1988 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Ասիրյանը, Անդրանիկ Ա.-ն և Ռոբերտ Ս.-ն մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Հույսի Ավան 2-րդ թաղամասից:
Հուլիսի 1-ին, ժամը 00.15-ին, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հունիսի 30-ին, ժամը 22-ի սահմաններում, Հույսի Ավան 2-րդ թաղամասում Անդրանիկ Ա.-ի, Հ. Ասիրյանի, 1991 թ. ծնված Սահակ Ա.-ի և Ռոբերտ Ս.-ի միջև ծագած վիճաբանության ժամանակ Ռոբերտ Ս.-ն իր մոտ եղած սվին-դանակով հարվածել է Անդրանիկ Ա.-ին` պատճառելով ձախ ուսի ծակած կտրած վերք, և Հ. Ասիրյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Ռոբերտ Ս.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/01/brothers/2067252