Եթե Հանրապետականը պարտվի, ես քաղաքականությունում անելիք չեմ ունենա. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոյթերզ» գործակալությանը
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կհաղթի խորհրդարանական ընտրություններում:
«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում, նա ընդգծում է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա ծիծաղով բացառում դրա հնարավորությունը։
«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», — ասել է նախագահը։
Լրագրողի ճշտող հարցի՞ն, թե նման բան ակնկալում է, նախագահն արձագանքում է ծիծաղով. — «Ոչ»։
Քաղաքական թեմաներից բացի Սերժ Սարգսյանը անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ընդգծելով, որ Հռոմի Պապի սկզբունքային դիրքորոշումն ու Բունդեսթագի կողմից արտահայտված տեսակետը ճանապարհ կհարթեն այլ ազգերի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար։
«Եվ ես վստահ եմ, որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ու նաև Պապի հաստատակամությունը կբերեն նոր ալիքի։ Ես գրեթե կասկած չունեմ, որ մոտ ժամանակներս ֆրանսիացիները նորից կտանեն իրենց խորհրդարան Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը։ Երկրորդ, ինչպես հայտնի է, Գերմանին շատ ծանրակշիռ խաղացող է և մեծ հեղինակություն ունի ողջ աշխարհում, և ես վստահ եմ, որ Գերմանիայի օրինակը շատ այլ երկրների համար կդառնա ուսանելի», — ասել է նախագահը։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին՝ նախագահը կասկած է հայտնում, թե Անկարային կհաջողվի ճնշումների միջոցով մաս կազմել Եվրամիության: «Բայց մեկ-մեկ երևի շփոթում են, թե ում վրա կարելի է ուժ գործադրել, ճնշում գործադրել, ում վրա՝ չի կարելի։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն երկիրն է, որ Եվրամիության վրա կարող է ճնշում գործադրել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ Թուրքիային կբերի Եվրամիություն», — ասել է նախագահը։
Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծում է, որ Հայաստանը չի պատկերացնում բարեփոխումների հաջող ընթացքն առանց Եվրամիության հետ համագործակցության: «Մենք շարունակելու ենք այդ ճանապարհը», — շեշտել է Սերժ Սարգսյանը:
«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում նախագահը նաև անդրադառնում է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ ասելով, թե պայմանավորվել են շարունակել եռակողմ ձևաչափով։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումները՝ եռակողմ ձևաչափով, կլինեն շարունակական և դրանք կգան լրացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը», — ասել է նախագահը։
Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայան