Արսեն Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել 17-ամյա աղջկա սպանության համար
Տավուշի մարզի բնակիչ, Ադրբեջանում գերեվարված ու հետո հայրենիք վերադարձած 25-ամյա Արսեն Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել տավուշցի 17-ամյա աղջկա դիտավորյալ սպանության համար։ Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ տվյալների՝ հունիսի 24-ին՝ ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ վրա գտնվող հատվածից սուր-կտրող գործիքով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով «Բերդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա անչափահաս բնակչուհին, որը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ քննության տվյալների՝ ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ 2015 թ. հունիսի 24-ին, անչափահաս աղջիկը Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա. Խոջայանի հետ տաքսի ավտոմեքենայով Բերդ քաղաքից ուղեւորվել են Վերին Կարմիրաղբյուր գյուղ: Գյուղ չհասած՝ ճանապարհին, իջել են ավտոմեքենայից եւ միասին շարունակել ոտքով գնալ դեպի գյուղ. նախնական տվյալներով՝ երիտասարդը մինչ այդ օգտագործել էր ալկոհոլ եւ սթափվելու նպատակով ցանկացել է քայլել։
Քննությամբ պարզվել է, որ ճանապարհին նրանց միջեւ անձնական հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա. Խոջոյանը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) եւ հարցաքննվել: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նշենք, որ խոսքը այն երիտասարդի մասին է, որը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից: