Հռոմի Պապը ապտակել է Նավասարդ Կճոյանին

Հռոմի Պապը Հայաստանում շատերին զարմացրեց ու դեռ կզարմացնի տարբեր առիթներով: Սակայն մի բան կա, որ առանձնակի տպավորություն գործեց մարդկանց վրա: Դրա նրան սպասարկող ավտոմեքենան էր: Բոլորը սպասում էին, թե Երևանի փողոցներով պիտի սլանա շքեղագույն մի փոխադրամիջոց, սակայն առաջին պահին նույնիսկ մի փոքր էլ հիասթափություն ապրեցին, երբ տեսան, որ հովվապետը ուղևորվում է ոչ թե զրահապատ մեքենայով կամ վերջին մոդելի որևէ արագընթացով, այլ հասարակ «Renault»-ով:

Զարմանքն ու տարակուսանքն այնքան մեծ էր, որ լրագրողները չհամբերեցին և առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հարցրեցին Հռոմի Պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդիից: Վերջինս պատասխանեց, որ Հռոմի պապն է որոշել շատ հասարակ մեքենա օգտագործել, քանի որ ցանկանում է ապրել հասարակ մարդկանց կյանքով, իսկ շքեղ մեքենան խորհրդանշում է հարստություն, հզորություն, իշխանություն: «Նա փորձում է մեզ ուրիշ ուղերձ հղել: Ուստի, ընտրում է պարզունակ եւ փոքր տրանսպորտային միջոցներ: Ինձ թվում է՝ շատ սքանչելի է»,- ասաց խոսնակը:

Նման պատասխանը որոշակի մտորումների տեղիք է տալիս: Ինչու՞ Ֆրանցիսկոս Պապը հատկապես Հայաստանում որոշեց իր արարքով նմանատիպ մեսիջ հղել: Գուցե նա՞ էլ է տեղեկացված, թե ինչպիսի բարքեր են տիրում Հայաստանում և ինչ է նշանակում լավ մեքենան հայ հարուստի կամ իշխանավորի համար: Սակայն ինչու՞ միայն նրանք: Հայ հոգևոր դասը շատ դեպքերում արդեն գերազանցում է օլիգարխիային իր շքեղ կենցաղով և ազատ ապրելակերպով: Ու եթե Հռոմի Պապն էլ արդեն տեղեկացված է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» մասին, կնշանակի Պապը որոշել է իր համեստ մեքենայով շառաչուն ապտակ հասցնել նախ Նավասարդին և հետո միայն նրա նմաններին:

 

Աղբյուրը` shame.am