Ողբերգական դեպք Դավիթաշենի Ձոր 1 թաղամասում․ դիտահորում աշխատանքներ կատարելիս «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներից մեկը մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10- ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի 35/36 տան մոտ գտնվող դիտահորի մոտ քաղաքացիներ կան, որոնց ինքնազգացողությունը վատ է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ԱԻՆ հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները դիտահորի միջից դուրս են բերել 2 տղամարդու, որոնցից մեկին՝ փրկարարների օգնությամբ օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն, ցավոք մյուսին, որ նույնպես փրկարարները դուրս բերեցին դիտահորի միջից՝ մահացավ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությաբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածն ու վիրավորը «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներ էին։ Ոստիկանությունն ու քնչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/06/20/88452/