Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ չի վերադառնա. ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկի
Անցած շաբաթ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է այցելել ամենահայտնի ռուս արևելագետներից մեկը՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Լեռնային Ղարաբաղում նա մի շարք հանդիպումներ է ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադարձությունները և Ղարաբաղյան հակամարտության հարցում գերտերությունների դիրքորոշումը:
Սատանովսկին հարցազրույց է տվել haqqin.az կայքին և նշել, որ իր կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարող հաղթել նոր պատերազմում:
«Որքանով ես եմ հասկանում, հարցն այն մասին, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս է՝ ռազմական տրամաբանության և իրական քաղաքականության տեսակետից ամբողջությամբ փակ է: Ադրբեջանը կարող է ցանկացած քանակությամբ մարդու գլուխ ուտել, դրա համար կարող է ցանկացած քանակությամբ ժամանակ և փող վատնել, բայց դրա մեջ իմաստ, անկեղծ ասած, քիչ կա: Եթե, իհարկե, ցանկություն չկա, որ պատերազմն անմիջականորեն անցնի Ադրբեջանի տարածք: Ես նկատի ունեմ ականաֆուգասային, երկաթուղային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը»,- ասել է նա:
Սատանովսկին հավելել է, որ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմ չի վերադառնա»:
«Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից և դրա կազմ չի վերադառնա: Որպեսզի Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի կազմ, անհրաժեշտ է այդ տարածքի ողջ բնակչության ֆիզիկական ոչնչացումը: Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա դրա կազմ: Պետք է ուղղակի հարց տալ՝ ինչպիսի՞ն կլինեն հետևանքները, և կկարողանա՞ դա անել Ադրբեջանը: Հասկանում եք՝ կան բաներ, որոնք չեն լուծվում: Եվ Ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է: Միակ բանը, որ կարելի է անել, այն կանգնեցնելն է, դադարել իրար սպանել և հասկանալ, որ դա ճակատագիր է: Ընդ որում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ ուրախ կլինի, եթե Բաքուն կռվի Ստեփանակերտի հետ ցանկացած ժամանակով, անգամ մինչև վերջին ադրբեջանցին կամ հայը»,- ասել է նա։
Լրատվամիջոցի հարցին, թե այդ դեպքում ինչու է Մոսկվան բանակցությունների հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ Սատանովսկին պատասխանել է, որ ևս մեկ անգամ հիշեցնի, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:
«Գուցե նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ հիշեցնի, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դե թող չհանդիպեն, եկեք պատերազմ սկսենք: Դուք հետևո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիայում: Էրդողանին դո՞ւր է գալիս, որ այն բանից հետո, երբ նա խախտեց ոչ միայն անջատողականներից, այլև ահաբեկիչներից կազմված ՔԱԿ-ի հետ հրադադարը, ողջ Թուրքիայում ահաբեկչությունների շարք անցավ: Դա արժե՞ր: Բաքուն ցանկանում է գնալ Անկարայի ճանապարհով և իր երկիրը մարտադաշտի՞ վերածել: Եթե ոչ, ապա պետք է խոսել: Ինչո՞ւ են Ադրբեջանին պետք այնպիսի հիմարություններ, ինչպիսիք անում են թուրքերը,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը վերահաստատել են Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Եվ այդ նպատակով համաձայնել են, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/21/azerbaijan/2056237