Ցավոք, մի կողմի ցանկությամբ ԼՂ խնդրի նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում. Սերժ Սարգսյանը՝ Պուտինին

Սանկտ Պետերբուրգի «Կոնստանտինովյան» պալատում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ռազմավարական գործընկեր երկու երկրների նախագահները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, այդ համատեքստում անդրադարձել տարածաշրջանի զարգացումներին և անվտանգությանն սպառնացող ներկայիս մարտահրավերներին: Նախագահները մտքեր են փոխանակել Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ:

«Հարգարժա՛ն Սերժ Ազատի,
Հարգելի՛ բարեկամներ,

Թույլ տվեք ողջունել ձեզ Պետերբուրգում: Մենք քիչ առաջ երկուսով՝ Սերժ Ազատիի հետ, որոշ հարցերի շուրջ բավականին հանգամանալից զրույց ունեցանք: Ընդլայնված կազմով մեր հանդիպման սկզբում կցանկանայի նշել, որ մենք արձանագրում ենք ապրանքաշրջանառության աճ` չնայած մեր և միջազգային տնտեսություններում առկա բոլոր դժվարություններին:

Մի քանի անգամ, կարելի է ասել, աճել է հայկական կողմից գյուղատնտեսական ապրանքների մատակարարումը ռուսական շուկա, ինչը մեզ շատ է ուրախացնում: Հուսով եմ, որ ընդհանուր առմամբ, այս միտումը լիովին կամրապնդվի թե՛ ապրանքաշրջանառության զարգացման, թե՛ մեզ համար զգայուն ապրանքախմբերի տեսակետից: Կարելի է նշել, որ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում մեր հարաբերությունները զարգանում են էլ ավելի ինտենսիվ, քան դրանք ավելի վաղ զարգանում էին երկկողմ հիմքերի վրա, ինչը մեզ շատ է ուրախացնում: Կա հնարավորություն և անհրաժեշտություն խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք գործելու հետագայում: Այժմ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և աշնանը պետք է կայանա բարձր մակարդակի հանդիպում: Հոկտեմբերին, այդ մասին նույնպես կխոսենք: Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը»,-ասել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին` Սանկտ Պետերբուրգում նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար, որտեղ բառացիորեն երեկ ավարտվեց տնտեսական համաժողովը, որը ըստ Նախագահ Սարգսյանի, կարևոր հարթակ է դարձել համաշխարհային տնտեսության խնդիրների քննարկման համար: ՀՀ Նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրներում ուշադիր հետևել են այդ կարևոր միջոցառմանը։

«Վլադիմիր Վլադիմիրի, քանի որ այս հանդիպումը հիմնականում նվիրված է Ղարաբաղին, ես կանգ չեմ առնի երկկողմ հարցերի օրակարգի վրա: Բոլոր ուղղություններով կապերն ամրապնդվում են: Իրականում, այստեղ խնդիրներ չկան:

Մեր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում հայտնի է բոլորին: Մենք ցանկանում ենք, որպեսզի հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մյուս ղեկավարներին այն ուշադրության, ջանքերի համար, որ դուք հատկացնում եք այս հարցին: Բայց, ցավոք, մի կողմի ցանկությամբ նման հակամարտությունները ոչ մի կերպ չեն լուծվում: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ` այսինքն` Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմներ ստեղծենք: Դա աշխատանքային տրամադրվածություն կստեղծի բանակցությունների անցկացման համար:

Շնորհակալություն Ձեզ»,-ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

 

 

աղբյուրը`    tert.am