Եվրո-2016-ում Թուրքիայի հավաքականի պարտությունից հետո ինտերնետում ծաղրել են Էրդողանին
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը Թուրքիայի հավաքականը Իսպանիայի հավաքականից ջախջախիչ պարտություն է կրել եւ սոցցանցերն արձագանքել են ծաղրով, բայց ոչ թուրք խաղացողների, այլ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին, գրում է գերմանական Stern թերթը:
Սոցցանցի օգտատերերի կատակները մասնավորապես վերաբերում են այն խիստ միջոցներին, որոնք Էրդողանը կարող է ձեռք առնել իսպանացիների նկատմամբ:
«Պարոն Էրդողանը հենց նոր հետ է կանչել իսպանական դեսպանին», — արձագանքել է FrauZimt-ը:
«Անմիջապես գալիս է Էրդողանը եւ սկսում է ապտակներ տալ», — իր էջում կատակել է Eurosport.de-ի սոցցանցերի մասնագետ Ֆլո Բուգները:
«Կարծում եմ, Էրդողանը դատի կտա Իսպանիային», — ենթադրել է Ֆրանկ Բուշման օգտատերը:
«Շնորհավորում եմ ձեզ, իսպանացիներ, շքեղ խաղ-հաղթանակի համար: Բայց մտածե՞լ եք, թե Էրդողանը հիմա ձեզ ինչ է անելու», — նշել է UtaSchPunkt օգտատերը:
«Պարոն Էրդողանն այժմ կարգելի՞ իսպանացիների մուտքը երկիր», — գրել է Քրիստիան Վոզնյակը:
«Տեսնենք, թե Էրդողանը երբ է իսպանացիներին ահաբեկիչներ հայտարարելու: Կամ էլ գոնե հետ կանչի նրանց դեսպաններին», — իր միկրոբլոգում գրում է Ali Konkret-ը:
«Չէի ցանկանա Թուրքիայի պարտության պահին հայտնվել Էրդողանի հարեւանի տեղում», —Twitter-ում գրել է Անդրեաս Պետցոլդը:
Սոցցանցերում անդրադարձել են նաեւ Թուրքիայի առավել արմատական երկրպագուներին, որոնք ինչ-որ պահի սկսել են սուլել սեփական հավաքականին:
«Չի կարելի լուրջ ընդունել ֆուտբոլային երկրպագուներին, որոնք առանձին խաղացողների քավության նոխազ են դարձնում», — գրում է Քրիստոֆ Բիրմանը:
«Թուրքերն ամեն անգամ սուլում են իրենց հավաքականի ավագին, երբ նա դիպչում է գնդակին: Հրաշալի երկրպագուներ են, խոսք չկա», — նշել է Նորբերտ Կեբեկուսը:
«Այո, թուրքական հավաքականին հատկապես ոգեշնչում է, երբ սեփական երկրպագուները սուլում են իր ավագին: Այսինքն` ոչ», — երկրպագուների պահվածքին արձագանքել է Սեբաստիան Շտանդկե անունով օգտատերը:
Ոմանք ուշադրություն են դարձրել Թուրքիայի հավաքականի մարզիչ Ֆաթիհ Տերիմի արձագանքին, որը բավականին արագ կորցրել է ինքնատիրապետումը:
Թուրքիայի հավաքականը Իսպանիային պարտվել է 0:3 հաշվով: Թուրքական հավաքականի դարպասին առաջին գոլը խփել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան: Երեք րոպեից իսպանացիներն արդեն առաջատար էին 2:0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսի հենց սկզբում Մորատան երրորդ գոլով վերջակետ է դրել խաղում:
Այսպիսով` երկու խաղ անընդմեջ պարտված Թուրքիան խմբում չորրորդ տեղն է զբաղեցնում:
Լուրեր Հայաստանից — NEWS.am