Այն փաստը, որ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին, արդեն լավ է. Ալեքսանդր Իսկանդարյանը Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

 

 

Այն փաստը, որ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին, արդեն լավ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

«Ես չեմ կարծում, որ հնարավոր կլինի լուրջ հաջողությունների հասնել հանդիպմանը, բայց սա փորձ է հարաբերությունները պահպանելու, որ մնա այն ֆորմատը, որ կա այդ միջազգային խնդիրը լուծելու համար»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ հոռետես է և չի կարծում, որ վերահսկողության մեխանիզմների տեղակայման պայմանավորվածությունը կիրագործվի:

«Ադրբեջանը կհակազդի դրան, ինչը շատ տրամաբանական է»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե սպասվող հանդիպման ֆոնին արդյո՞ք առավել նկատելի չի դառնում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում «սիրախաղը». երկուսն էլ հանդես են գալիս միմյանց սիրաշահող հայտարարություններով, Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանեց. «Ես դա տեսնում եմ, և դա նոր բան չէ: Ռուսաստանն ունի իր օրակարգը: Ռուսաստանն Ադրբեջանի հետ զարգացրել, զարգացնում և զարգացնելու է իր հարաբերությունները, ինչպես Ղազախստանի, Բելառուսի և այլ երկրների դեպքում: Դա կապ ունի՞  հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ունի՛: Ռուսաստանը, Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալով, պետք է հաշվի առնի իր օրակարգը Հայաստանի հետ և հակառակը»:

Քաղաքագետը նշեց, որ ինքը տեսնում է, որ հենց հիմա տեղի են ունենում լուրջ փոխազդեցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ կապված սպառազինության և անվտանգության համալրման հետ. «Սա այդ գործընթացի մասն է, այդպես միշտ է լինելու»

Ալեքսանդր Իսկանդարյանը նաև հավելեց.«Ռուսաստանը միշտ էլ փորձելու է իր ազդեցությունը տարածել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա. որոշ դեպքերում այն ի օգուտ Հայաստանի կլինի, որոշ դեպքերում՝ հօգուտ Ադրբեջանի»:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/14/Aleksandr-iskandaryan/2049572