Էլեկտրոնային գրանցումից բացի կա ցուցակների, ինքնասոսնձվող դրոշմանիշների, կտրոնների ինստիտուտ, որոնց համեմատությամբ կարվի վերահաշվարկ. ԿԸՀ նախագահ
Նոր Ընտրական օրենսգրքում ներառված են մեխանիզմներ, որոնք վերահսկելի են դարձնում ընտրական գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հարցին՝ արդյոք ԿԸՀ համար վերահաշվարկ անցկացնելը նոր ԸՕ-ով դժվարեցված չէ՞, երբ պետք է համեմատել ընտրական գործընթացին մասնակցած անձանց, գրանցամատյանների, էլեկտրոնային գրանցված, տրված սարքերի, մատնահետքերի թվերը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Տեղամասում հաշվեցին, արձանագրությունը կազմվեց, պարկը փակեցին, բերեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Վերահաշվարկի ժամանակ բացվում է պարկը, կատարվում է քվեարկության արդյունքների հաշվարկ, ինչպես դա կատարվել է տեղամասային ընտրական հանձնաժողովում:
Նախագծում ամրագրված մոտեցումն այնպիսին է, որ բացի էլեկտրոնային նույնականացման գործընթացին գոյություն ունի ցուցակների ինստիտուտ, ինքնասոսնձվող դրոշմանիշների, կտրոնների ինստիտուտ, որոնք այն փաստական հիմքեր են, որոնց համադրելիության արդյունքում արվում են լիարժեք դատողություններ»:
Տիգրան Մուկուչյանը շեշտեց, որ դրոշմանիշերի քանակը պետք է համապատասխանի ստացված կտրոնների քանակին, որն ընտրողը ստանում է էլեկտրոնային գրանցում անցնելու ու իր մատնահետքը տալուց հետո: «Սա այն մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու գործընթացը»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Ինչ վերաբերում է մատնահետքերի հետ կապված մտահոգություններին, ընդդիմադիրների հայտարարություններին, թե սարքը կարող է չկարդալ մատնահետքը կամ նույն անձը կարող է մեկ այլ ընտրատեղամասում էլ այլ մատի հետք թողնել, Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հաշվի է առել միջազգային փորձը, որպեսզի նման խնդիրներից խուսափեն:
«Փորձը ցույց է տալիս, որ 100 տոկոսանոց արդյունք ակնկալել չի կարելի, որովհետև լինում են դեպքեր, երբ մատնադրոշմի վատ որակի պատճառով սարքը չի կարդում այն, ուստի քվեարկության համար պետք է լինեն իրավական այլ հնարավորություններ: Սա բոլորովին այլ մոտեցում է: Ընտրական օրենսգրքի նախագիծն իրենում, սակայն, այլ մոտեցում է պարունակում: Իսկ մատի հետ կապված, կա կարգավորում, հստակ գրված է հաջորդականությունը նույնիսկ՝ աջ ձեռքի ցուցամատ, անհնարինության դեպքում ձախ ձեռքի ցուցամատ, հետո աջ ձեռքի միջնամատ, հետո ձախ ձեռքի միջնամատ…»,- մանրամասնեց Մուկուչյանը:
Հարցին՝ էլեկտրոնային գրանցման սարքերը լինելու են ԿԸՀ վերահսկողության տա՞կ, հնարավո՞ր է, որ միջամտություն լինի, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Դրանք կարող են լինել և՛ ԿԸՀ-ում, և՛ լիազոր մարմնում, որը զբաղվում է ցուցակների պատրաստմամբ: Իսկ միջամտությունը ոչ թե պայմանավորված է հանգամանքով, թե ում մոտ են գտնվում այդ սարքավորումները, այլ նրանով՝ հասանելի են արդյոք ծրագրային լուծումները, որոնք կիրառվում են»:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/14/tigran-mukuchyan/2034750