Հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն տարածքային մանկավարժա — հոգեբանական աջակցության կենտրոնների
Հայաստանում մինչեւ 2022թ. հատուկ դպրոցները կվերակազմակերպվեն տարածքային մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, ՀՀ կառավարության կողմից սահմանված կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներին եւ կարգի քննարկման ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը:
«Երեւանում կբացվի առնվազն չորս նմանատիպ հաստատություն, իսկ մարզերում` մեկը»,- ասաց Անահիտ Մուրադյանը:
Նախարարության պաշտոնյայի խոսքով` նպատակն այն չէ, որ հատուկ դպրոցները փակվեն, այլ պայմաննեի ստեղծվեն ընտանեկան միջավայրում կազմակերպել երեխայի ընթացքը:
Աշխատանքի եւ սոցիալական նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանի խոսքով էլ Հայաստանում արդեն փակվել է երկու պետական մանկատուն, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող երկու նմանատիպ հաստատություն: Ըստ Հայրապետյանի` սա նշանակում է, որ Հայաստանում քայլ առ քայլ անցում է կատարվում այլընտրանքային ծառայություններին:
Նշենք, որ մայիսի 26-ին հաստատվել է կյանքի դժվար իրավիճակներում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչներն ու կարգը: Ըստ նոր կարգի` սահմանափակվում է նրանց տեղավորումը հատուկ ու գիշերօթիկ դպրոցներում: Նախապատվությունն այսուհետեւ տրվելու է ընտանեկան նոր ձեւերին` որդեգրմանը, հոգաբարձությանը, խնամատար ընտանիքներին եւ միայն դրանց անհնարինության դեպքում թույլատրվելու է երեխաներին ժամանակավոր տեղավորել շուրջօրյա խնամք իրականացնող որեւէ հաստատությունում: