Ռուսաստանին չենք հանձնի ո՛չ օդը, ո՛չ հողը. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի (լուսանկարներ)

«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները  վաղ առավոտից Ազգային ժողովի մուտքի մոտ են՝ պահանջելով   կանխել Ազգային ժողովի կողմից  «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է  հրավիրում այդ օրակարգով:

Քաղաքացիները, որոնց միացել են  մի շարք քաղաքական գործիչներ` Պարույր Հայրիկյանը,  Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը և այլք, եկել են հետևյալ բովանդակությամբ պաստառներով. «ՀՕՊ-ի  հանձնումը հավասար  է Ստեփանակերտի  ռմբակոծմանը», «Դավաճանության հերթական քայլը» , «Չենք հանձնի ո՛չ օդը, ո՛չ հողը»:

Վարուժան Ավետիսյանը Tert.am -ի հետ զրույցում հայտնեց, որ  Հայաստանը  չի  կարողանալու  այս համաձայնագրի շրջանակներում իր լիազորություններն  իրականացնել,  քանի որ վերջնական  խոսքը ՌԴ-ինն  է լինելու:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ  հայտարարեց, որ  այս համակարգին միանալով ` դեմք ենք   դուրս գալիս ՆԱՏՕ-ին, որն  այս պահի  դրությամբ բավական  մեծ օգնություն է ցույց  տալիս ՀՀ-ին:


 

 

 

Աղբյուրը`