Վերաբացվեց Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը:
Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:
‹‹Արդեն վեցերորդ տարին է, ինչ մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր մեր մանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիական տնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այս տոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղ մատչելի գներով թարմ արտադրանք են ձեռք բերում››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Նախարարը հավելել է, որ հուլիսի կեսերին կվերաբացվի նաև Մաշտոցի պողոտայում գտնվող տոնավաճառը, բացի այդ քայլեր են ձեռնարկվում հետագայում նաև գյուղատնտեսական տոնավաճառներում մսի, մսամթերքի և կաթնամթերքի վաճառքի կազմակերպման պայմաններ ստեղծելու ուղղությամբ` ընդգծելով, որ այս տարի Կասյանի տոնավաճառում նախորդ տարվանից ավելի շատ` թվով 145 տաղավար է գործում, ընդ որում ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում դրանց թիվը կաճի:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետը, առանձնակի կարևորելով մայրաքաղաքում նման շուկաների գործունեությունը, նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ:
«Տարիներ առաջ, երբ նախաձեռնությունը նոր էր, շատերը թերահավատ էին դրա շարունակական լինելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց , որ տոնավաճառները ոչ միայն ապացուցեցին իրենց անհրաժեշտությունը, այլև տարեցտարի ավելի ու ավելի շատ տնտեսություններ ու անհատներ ներգրավվեցին: Միայն անցյալ տարի մայրաքաղաքի երկու բանուկ հատվածներում՝ այստեղ և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում կազմակերպված տոնավաճառներին ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել: Այսպիսի տոնավաճառներ կազմակերպելով միաժամանակ մի քանի խնդիր ենք լուծում: Նախ մեր գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում մայրաքաղաքի բանուկ հատվածներում առանց միջնորդի ու միջնորդավճարի իրացնել սեփական արտադրանքը: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին են կարողանում ինչպես ասում են «առաջին ձեռքից» թարմ և որակյալ գյուղմթերք գնել», — ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել տոնավաճառների համար նոր տարածքներ հատկացնելու հարցը ևս:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին