Միհրան Պողոսյանը հարցաքննվում է, բայց այդպես էլ չի պատժվում
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով վերջապես տեղաշարժ կա: «Ժողովուրդ»-ին իրավապահ մարմինների մոտ կանգնած իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին Միհրան Պողոսյանը ներկայացել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Սկզբում Միհրան Պողսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով:
Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի: Իսկ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել հատուկ քննչական ծառայությունում: Ի՞նչ է բացահայտվել մինչ այսօր: «ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյո՞ք Միհրան Պողոսյանը ներկայացել է ՀԾՔ, ի՞նչ է պատմել նա քննիչներին իր գործունեության հետ կապված, ինչ ցուցմունք է տվել: Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՔԾ մամլո քարտուղար Միքայել Ահարոնյանն ասաց. «Ասեմ, որ Միհրան Պողոսյանը հարցաքննվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ուստի քրեական գործին վերաբերող այլ մանրամասներ նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հրապարակման ենթակա չեն»:
Այսպիսով՝ առայժմ հնարավոր չեղավ պարզել, թե Միհրան Պողոսյանը կոնկրետ ինչ ցուցմունք է տվել, ինչ մանրամասներ է հայտնել քննիչներին: Հիշեցնենք՝ երբ օֆշորային գործը ոստիկանությունից ուղարկվել էր հատուկ քննչական ծառայություն, քաղաքական հրահանգ էր տրվել ԴԱՀԿ նախկին պետի գործը քննել օրենքի ողջ խստությամբ: Սակայն ավելի ուշ քաղաքական վերնախավում որոշում կայացվեց, որ գործը քննեն՝ առանց մանրամասների մեջ լուրջ խորանալու: Ըստ էության, հենց այս քաղաքական որոշումից հետո ՀՔԾ քննիչները ծանուցում ուղարկեցին Միհրան Պողոսյանին, որ ներկայանա հարցաքննության: Միհրան Պողոսյանն էլ, իմանալով այս մասին, որոշել է մտերմիկ հանդիպումների «ժանրից» դուրս գալ եւ վերջապես ներկայանալ իրավապահ այդ մարմին՝ ցուցմունքներ տալու իր անձին վերաբերող քրեական գործի մասին:
Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը քննիչներին է ներկայացրել իր կողմից արդեն իսկ հրապարակված միջազգային կառույցներին ուղարկած նամակների պատասխանները, որտեղ իբրեւ թե հերքվում է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամարի գոյությունը: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Միհրան Պողոսյանի գործով այս օրերին ՀՔԾ քննիչները օպերատիվ գործողություններ են իրականացնում: Ասել է, թե քննիչներն այս օրերին ստուգում են ե՛ւ մամուլում հրապարակված տեղեկությունները, ե՛ւ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետի ցուցմունքները, համադրում դրանք միմյանց հետ: Իսկ թե ինչով կավարտվի գործընթացը, դժվար է ասել: Միայն պետք է փաստել, որ հանրային գիտակցության մեջ արմատացած է այն տեսակետը, որ Միհրան Պողոսյանը կասկածելի ճանապարհներով հարստացած պետական պաշտոնյա է, որն ունենալով իշխանության ամենավերին օղակների հովանավորությունը՝ անարգել գործել է: Արդյո՞ք այսքանից հետո նա կպատժվի եւ գոնե երկու տարի կանցկացնի ճաղերի հետեւում:
Աղբյուրը՝ http://armlur.am/540620/