Լոռիում դանակահարել են 19 և 22-ամյա երկու երիտասարդի. տուժողներն ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 20.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից  հաղորդում է ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի  բնակիչ, 1997 թ.  ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան  Եղինյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արշակ Պողոսյանը և Մերուժան Եղինյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել` քննչական գործողությանը մասնակցել ի վիճակի չլինելու պատճառով:

Առգրավվել են տուժողների հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել քննչական պլան, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/09/lori/2044797