ՊՆ պաշտոնյաների ձերբակալություններից հետո պետությանը պատճառված վնասը որոշ չափով վերադարձվել է. Կորյուն Նահապետյան
Պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին ձերբակալությունները, որոնք տեղի ունեցան տվյալ պաշտոնյաների չարաշահումների հետևանքով, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ողբերգություն դարձան:
ԱԺ-ում 2015 թվականի պետբյուջեի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի կատարողականի վերաբերյալ հարակից զեկուցման քննարկման ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Ինձ շատ է հուզում հատկապես քառօրյա պատերազմի հետևանքով բացահայտված մի շարք անձանց պատմությունները: Մեր մարտունակ, հզոր, զորեղ, փառահեղ բանակում ծվարել էին այնպիսիք, ում ապաշնորհությամբ, միգուցե՝ գողությամբ, պայմանավորվեցին անդառնալի երևույթներ, որոնք ողբերգություն դարձան մեզ համար»:
Պատգամավորը հարցրեց՝ այս ուղղություններով տրված միջոցները, որոնք տրամադրվել են պետական գանձարանից, արդյոք հետ բերվելո՞ւ են, թե` ոչ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ այնպես չէ, թե միայն վերջին իրադարձությունների համատեքստում են հայտնաբերվել նման դեպքեր:
Նահապետյանը հավաստիացրեց, որ նախկինում էլ բացահայտվել են յուրացումների, չարաշահումների երևույթներ, որոնց տրվել է իրավական գնահատական, քրեական գործեր են հարուցվել, նախաքննություն է կատարվել: «Վստահ եմ, որ մեղավորները կստանան արժանի պատիժը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Տիգրան Ուրիխանյանը կրկնեց հարցը ՝պետական միջոցները հետ վերադարձվելո՞ւ է: «Պիտի բռնագանձեն, խլեն ու հետ բերեն պետական փողերը: Սա պետք է լինի պատժի միջոց նրանց համար»,- նշեց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ վնասի վերականգնման երկու ճանապարհ կա՝ արտադատական ու դատական: «Իմ ունեցած տվյալներով վերջին դեպքերի հետ կապված պետությանը պատճառված վնասը որոշակի վերականգնվել է: Չափերը չեմ կարող այս պահին հրապարակել, բայց քայլեր ձեռնարկվել են»- հայտարարեց հանձնաժողովի նախագահը:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/08/koryun-nahapetyan/2044000