Օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը
Դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ինչպես նշեց դիրիժորը՝ նա հնարավորություն ունեցավ ծանոթացնել թատրոնի արտիստներին իր երաժիշտ ընկերների հետ, ովքեր ևս նոր են ժամանել Հայաստան:
Գեղարվեստական ղեկավար նշանակվելը նաև համընկավ Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթի հետ, որին Օրբելյանը մասնակցում է որպես ժյուրիի անդամ: Մաեստրոն նշեց, որ շատ ոգևորված ու տպավորված է:
«Թատրոնը հիասքանչ է, ամեն ինչ համապատասխանում է միջազգային չափանիշներին: Շուտով կորոշվի նաև, թե ինչ նոր բեմադրություններ են լինելու»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց Կոնստանտին Օրբելյանը՝ ավելացնելով, որ զբաղվածությունն ու հեռանկարները մարդու համար ամենակարևորն են:
Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերն ասաց, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նրա խոսքով՝ այցելությունը անչափ հաճելի է և հետաքրքիր, մարդիկ շատ հյուրընկալ են: Երաժիշտը նաև նշեց, որ շատ տպավորված է Օպերայի և բալետի թատրոնով: Նա արդեն լսել է հայ տաղանդավոր երաժիշտներին և մասնակցել միջազգային մրցույթի բացման արարողությանը:
Աղբյուրը` http://orer.am/?p=206763&l=am