ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հետաձգելու. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն ու Ֆրանսիայի փոխդեսպանը այսօր Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպեցին լրագրողների հետ՝ հայ լրագրողներին ներկայացնելու սպորտային ֆիլմերի մասին համատեղ փառատոնի ծրագիրը:

Օգտվելով առիթից լրագրողները հարց ուղղեցին առաջիկայում սպասվող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հայ-ադրբեջանական բանակցություններից ակնկալիքների մասին:

ՀՀ-ում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլա Ֆայն ասաց, որ ԱԳ նախարարների հետ վերջին հանդիպման ընբթացքում փաստաթուղթ է ներկայացվել կողմերին: «Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Մինսկի խմբի համանախագահների մակարդակով տեղի է ունեցել հանդիպում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Նպատակն էր նախապատրաստել ապագա գագաթաժողովը: Միաժամանակ փորձելով վերահաստատել Վիեննայի գագաթաժողովում ձեռք բերված համաձայնությունները, որը վստահության մեխանիզմների մշակմանն ուղղված քայլ էր: Համանախագահների կողմից այդ փաստաթուղթը ներկայացվել է երկու երկրների ԱԳ նախարարներին»,-  ասաց փոխդեսպանը՝ հավելելով. «Երբ խոսում եմ միջոցառման մասին, առաջին հերթին ենթադրում եմ ԵԱՀԿ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի լիազորությունների ընդարձակում և շփման գծի մշտադիտարկման հարցը»:

Քանի որ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցությունները հնարավոր է վերսկսվեն միայն սահմանին կրակոցների դադարից հետո, Tert.am-ը դեսպաններից հետաքրքրվեց, թե արդյոք  բավարար քայլեր արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ հրադադարի պահպանման համար:

Ի պատասխան Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, թե Վիեննայի պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել: «Առանց հետաձգելու պետք է վերսկսվեն բանակցությունները խնդրի կարգավորման ուղղությամբ: Իհարկե՝ ամենակարևորն այն է, որ հրադադարը պահպանվի»:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/06/MatthiasKisler/2041767