Ստորագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում. Վահրամ Բաղդասարյանը՝ Սամվել Բաբայանին պաշտոն տալու մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի շտապում մեկնաբանել ԼՂ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու հանգամանքը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իր համար ծիծաղելի է կատարվածում Ղարաբաղի իշխանության հետք տեսնելը:
«Ես ինֆորմացիային դեռևս լիովին չեմ տիրապետում, հենց նոր հեռախոսազանգ էի պատրաստվում անել, բայց գիտեմ, որ ստորագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ գնահատում մեր բոլոր հերոսներին, այդ թվում՝ Սամվել Բաբայանին, բայց հավաքներով նման խնդիրներ չեն կարգավորում: Ես դեռ ինֆորմացիային չեմ տիրապետում և հնարավոր է լինեն սադրանքներ, բայց Ղարաբաղի իշխանության կողմից նման բան անելն նույնիսկ ծիծաղելի եմ համարում»,- ասաց իշխող մեծամասնության խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախում անցկացվեց ակցիա, որին պետք է հաջորդեր ստորագրահավաք՝ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պաշտոնում հետ վերադարձնելուն միտված, սակայն ստորագրահավաքի նախաձեռնող ԼՂ պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր ծեծի է ենթարկվել:
Վահրամ Բաղդասարյանը լուրջ չհամարեց այն մոտեցումը, թե Բաբայանի վերադարձը կարող է հեղափոխական լինել: «Ամեն ինչ արել էին, մնում էր հեղափոխությունը»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/06/06/Vahram-baghdasaryan/2041803