Հայաստանը պետք է բոլոր գործընկերների առաջ դնի՝ ՀՀ-ԼՂ անվտանգության համակարգը միասնական է. Արմեն Ռուստամյանը՝ ՀՕՊ համակարգի մասին
Ապրիլյան պատերազմի արդյունքները պետք չէ ծայրահեղ վատատեսական ներկայացնել, ասել, որ անվտանգության համակարգը վատն է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության համատեղ համաձայնագրին:
«Եթե չունես ավելի լավ համակարգ, պիտի ուժեղացնես այն, ինչ ունես: Ովքեր ասում են՝ դեմ են, ավելի լավ առաջակ ունե՞ն, մենք էլ չենք քննարկել: Մենք այսօր չունենք այլընտրանք, քան այն, ինչ ձեռքի տակ կա»,- նշեց Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ապրիլյան պատերազմում Հայաստանը հաջողել է, բլից-կրիգը ձախողվել է, ուրեմն պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ, ասել՝ «Եթե մեր անվտանգության համակարգն այդքան վատը լիներ, դա էլ չէր լինի չէ՞: Պետք չէ ասել, թե ինչ եղել է, սխալ է եղել, պետք է ջնջենք, նորից սկսենք»:
Արմեն Ռուստամյանը նշեց, թե ՀՕՊ-ը անվտանգության միասնական համակարգ է, իսկ Հայաստանը պատերազմ ունի ոչ թե մեկ, այլ՝ երկու սահմաններում: «Կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է, սպառնալիք է մեզ համար, երրորդ՝ դաշտային թուրքական բանակը Նախիջևանի տարածքում է տեղակայված ու ի՞նչ անենք՝ եղածը զրոյացնե՞նք… Այդ հայտարարությունները պետք է տրամաբանված լինեն, անհետևանք հայտարարություններ անելը մեր շահերից չի բխում»,- նշեց նա:
Ռուստամյանի խոսքով՝ այսուհետ, երբ Հայաստանը անդամակցի անվտանգության կառույցներին, Ղարաբաղը պետք է այդ գործընթացից անմասն չմնա: «Նախագահի վերջին հայտարարությունն այս տրամաբանության մեջ էր: Բոլորին պետք է պարզ դառնա, որ Հայաստանը չէր կարող անմասն մնալ նրանից, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում: Հայաստանը պետք է հստակ դնի բոլոր գործընկերների առաջ, որ անվտանգության համակարգը միասնական է, չկա Ղարաբաղի անվտանգության համակարգ առանձին, ՀՀ անվտանգության համակարգ առանձին: Սա պետք է միասնական դիտվի»:
«Վերջին պատերազմը պարտավորեցնում է կատարել քայլեր այս ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել նրանից, ինչն այսօր կա»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:
Նույն ՀԱՊԿ-ը, հայ-ռուսական հարաբերությունները, որոնք միտված են այս նպատակին ծառայելու համար, ըստ Արմեն Ռուստամյանի, ևս պիտի գործի դրվեն այս ուղղությամբ:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/06/armen-rustamyan/2041649