Գերմանիայի Բունդեսթագն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին մտադիր է քննարկել իշխող խորհրդարանական մեծամասնության ու «Կանաչներ» կուսակցության ընդհանուր դիմումը, որը նախատեսում է նաև 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչում: Այս մասին հայտնել է Բունդեսթագի մամլո ծառայությունը:

Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնում են Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն) կուսակցական միությունը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Բունդեսթագի մամլո ծառայությունը հաղորդել է, որ դիմումը ստացել է «Հայերի ու քրիստոնյա մյուս փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի 101-րդ տարելից» անվանումը: Այն ենթադրում է պատմական այդ դեպքերի համար Գերմանիայի կառավարության կողմից պատասխանատվության իր մասի ճանաչում, ինչպես նաև 1915 թվականի ողբերգական դեպքերի՝ հայերի արտաքսման ու սպանությունների ճանաչում որպես ցեղասպանություն:

Բացի այդ, ծրագրվում է քվեարկել «Ձախերի» խմբակցության դիմումների հարցով, որոնք կառավարությանը նույնպես կոչ են անում ճանաչել ցեղասպանության մեջ Գերմանական ռեյխի պատմական պատասխանատվությունը: Գերմանացի պատգամավորների այս ծրագրերն արդեն իսկ հարուցել են Թուրքիայի դժգոհությունը:

Աղբյուրը` http://www.1in.am/1929999.html