Կապի և տրանսպորտի նախարարությունը ծառայողական 13 մեքենայից կկրճատի 4-ը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ անդրադառնալով պետական ապարատի կրճատումների մասին վարչապետի հայտարարությանը:
«Նախարարությունը ևս ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ աշխատանքներով: Այդ ցուցանիշներն ու թվերը մենք ավելի մատչելի կդարձենենք, բայց մեզ մոտ կային լուծումներ, որոնք տրվել են մինչև վարչապետի հանձնարարականը»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ նախատեսում են կրճատել նախարարությանը սպասարկող տեխնիկական և բեռնատար մեքենաները: «Ունենք նաև 13 ծառայողական մեքենա, որից 4-ը միտված ենք կրճատել»,- շարունակեց նա՝ հավելելով նաև, որ հաստիքային կրճատումները դեռ քննարկվում են: «Չեմ կարող այս պահին ասել, թե ինչ կրճատումներ են սպասվում»,- ասաց նա:

 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ չէր եկել մասնակցելու բյուջեի հաշվետվությանը: Նշենք, որ նիստը վարող Վարդան Այվազյանը դժգոհել էր, թե նախարարների 80 տոկոսը չեն գալիս և փոխնախարարներին են ուղարկում:
Արթուր Առաքելյանը պարզաբանեց, թե նախարարը հանդիպման էր, հետևաբար չէր կարող գալ: Հարցին, թե գուցե նրա անվան հետ առնչվող միջադեպի պատճառով է խուսափում ներկայանալ՝ փոխնախարարը հավաստիացրեց, որ ոչ:

 

Հիշեցնենք, որ օրերս մամուլում հայտնվեց տեղեկություն, որ նրա թիկնապահները նախարարության շենքի հարևանությամբ մարդ են ծեծել, որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

 

Արթուր Առաքելյանը վստահեցրեց, որ քննության ընթացքում ամեն ինչ կպարզվի ու բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժվեն:  «Ես տեղյակ չեմ, նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ ունի, թե՝ ոչ, դա կարող եք նրանից հարցնել, բայց նրա չգալը դրանով պայմանավորված չէ: Եթե չեմ սխալվում, նա արդեն հայտարարել է, որ նրանք իր թիկնապահները չեն: Դեպք է տեղի ունեցել և քննությունն ընթանում է»,- ասաց նա՝ չհերքելով սակայն, որ վիճաբանողների մեջ կան նաև նախարարության աշխատակիցներ:

 

«Մենք բոլորս դատապարտում ենք նման միջադեպերը, բայց ամեն ինչ քննությունը կպարզի: Համոզված եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն»,- ասաց նա:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/30/artur-araqelyan/2035466