Այդ սկանդալային պատմությունն ստեղծել է Անի Հովհաննիսյանը. ՌԴ դեսպան
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի սկանդալային միջադեպին, որի ժամանակ նաև դեսպանի անունը հիշատակվեց, շեշտեց, թե իր համար այդ թեման արդեն փակ է և ամեն բան պարզաբանված է:
«Նման սկանդալային պատմությունները ստեղծում են լրագրողները, մասնավորապես Անի Հովհաննիսյանը: ՌԴ դեսպանատան կայքէջում այս սկանդալային պատմության վերաբերյալ ամեն բան գրված է: Մեզ համար այդ թեման փակ է»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է հենց ինքը՝ ՌԴ դեսպանը հայտնվել սկանդալային միջադեպի կենտրոնում, եթե իրականում որևէ կապ չունի այդ պատմության հետ, Իվան Վոլինկինն արձագանքեց.« Դա պետք չէ ինձ հարցնել, դա պետք է հարցնել նրանց՝ նյութի պատվիրատուներին»:
Հիշեցնենք, որ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ Անի Հովհաննիսյանը սպառնացել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի անձի և ընտանիքի մասին վարկաբեկիչ լուրեր գրել, եթե պատգամավորը յուրաքանչյուր ամսին իրենց չվճարի 300 հազար ՀՀ դրամ: Որից հետո Անի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, թե պատվիրատուն եղել է ՌԴ դեսպան Վոլինկինը:
Աղբուրը` tert.am