Հայկական քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը հանդես է եկել հայտարարությամբ,ո րում մասնավորապես ասվում է.

Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարևորելով`

  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը,
  • Ժողովրդավարական արժեքների հետևողական ներդնումը,
  • Մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացումը,
  • Կուսակցությունների համագործակցությունը և քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում,
  • Քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանադությունների շրջանակում,

Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի  պետական կառույցների կազմակերպվածությամբ և Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով և մեր ողջ ժողովրդի դրսևորած միասնականությամբ:

Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան և ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ ժողովրդի, ինչպես նաև պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:

Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական,  իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական և այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են :

Հավաստում ենք,  որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

Կարևորում ենք քաղաքական համերաշխության և հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով:

Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

Առաջնահերթություն ենք  համարում  նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը  մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում :

Վերահաստատում ենք նման ձևաչափով քննարկումների կարևորությունը, և պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական և մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թևեր, փորձագետներ և այլն:

ք. Ստեփանակերտ

22 մայիսի, 2016 թվական

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Ազատ դեմոկրատներ կուսակցություն

Ազատ Հայրենիք կուսակցություն

Ազատություն  կուսակցություն

Ազգային միաբանություն կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույց

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միություն

Հզոր Հայրենիք կուսակցություն

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն

Աղբյուրը` http://www.1in.am/1922716.html