Հայտնի են «Տաք ջրեր» կոչվող լողավազանում խեղդված երիտասարդների անունները

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Քաշաթաղի «տաք ջրեր» կոչվող լճում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է երեք մարդ։ Խեղդվողների ինքնությունը ճշտվում է։ ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ լողավազանից դուրս են բերվել 35-ամյա Արտեմ Մելսիկի Բուլբուլյանի (Սյունիքի մարզի Տեղ գյուղից), 25-ամյա Կարեն Վրեժի Ալավերդյանի (Գորիս քաղաքից) և 25-ամյա Գրիշա Դավիթի Առուստամյանի (Քաշաթաղի շրջանի Հերիք գյուղից) դիերը: Ըստ Արմեն Նարիմանյանի` նշված քաղաքացիների մահվան հանգամանքները դեռևս պարզ չեն, տարվում է քննություն: Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախնական վարկած կա, որ խեղդվել են ոչ թե ջրից, այլ լճում արտանետված գազից։ Այս վարկածի վերաբերյալ ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը դժվարացել է որևէ բան ասել՝ նշելով միայն, որ այս պահի դրությամբ փորձագիտական վերջնական եզրակացություն չկա:

 

 

Աղբյուրը` http://armlur.am/532269/