Պատերազմի օրերին քաղաքական ուժերը օրինակելի միասնականություն ցուցաբերեցին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Միջոցառման հարգելի՛ մասնակիցներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ողջունում եմ բոլորիդ Արցախում՝ ձեր իսկ հայրենիքում

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում:

Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել առկա խնդիրները:

Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար:

Մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:

Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար:

Մեկ անգամ ևս կարևորելով կուսակցությունների դերը մեր հասարակական, քաղաքական կյանքում և պետականաշինության գործընթացում՝ ուզում եմ ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության նման նախաձեռնությունը և ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք»:

 

armtimes.com