ԵԿՄ-ն Ղարաբաղից կվերադառնա, բայց հերթապահությունը կշարունակվի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի հարցին՝ ե՞րբ է ԵԿՄ նախագահը վերադառնալու Արցախից, հատկապես, որ Վիեննայից վերադառնալով՝ Սերժ Սարգսյանը կամավորների վերադարձի հրահանգ է արձակել։ ԵԿՄ մամլո խոսնակ Վարդան Վարդանյանը պատասխանել է. «Իմ կարծիքով, գեներալ Մանվել Գրիգորյանը գերագույն հրամանատարի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, կքննարկեն իր՝ առաջնագծում մնալու անհրաժեշտությունը, որից հետո պարզ կդառնա, թե երբ է վերադառնալու»։
Իսկ թե երբ կլինի այդ խորհրդակցություն-խոսակցությունը, խոսնակը չգիտեր։ Փոխարենը նա հիշեցրեց, որ երկրապահները մշտապես եղել են սահմանին․ «Ապրիլի 2-ից, դրանից առաջ էլ երկրապահը բաժանմունքներով հերթապահություն է իրականացրել, մարզային խորհրդի բաժանմունքների մի մասն Արցախի զորամասեր էր այցելում, լինում մարտական հենակետերում, մյուս մասը, մյուս բաժանմունքները՝ Հայաստանի սահմանային հենակետերում։ Այսինքն՝ սահմանների պաշտպանությունն անընդհատ պրոցես է ԵԿՄ-ի համար և այսուհետ էլ շարունակվելու քանի դեռ խաղաղության մեծ համաձայնագիր չի կնքվել, հրադադարի պայմանագիրը հիմք չի տվել, որ երկրապահն ավարտված համարի պատերազմը»։
Ըստ խոսնակի, ԵԿՄ-ի ռեսուրսը հետ կգա, իսկ մշտական հերթապահությունը կշարունակվի։
Աղբյուր` Panorama.am