Պա՛պ, հետեւիցս են ընկել. զոհված զինծառայողը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Սույն թվականի ապրիլի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասում մահացած ժամկետային զինծառայող, 18-ամյա Հովհաննես Պետրոսյանի հայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 25-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի (Իջեւանի զորամասերից մեկում) կրակային դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վաչիկի Պետրոսյանը՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում: Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):

Մահացած զինծառայողի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը, բացառում է, որ որդին կարող էր ինքնասպանություն գործել. «Միանշանակ կարող եմ պնդել, որ իմ որդին ինքնասպանություն չի գործել եւ այդ ամեն ինչում ես 99.9 տոկոս համոզված եմ»,-ասաց նա: Վերջինս մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սպաները որդու դեմ լարված են եղել, քանի որ վերջինս թույլ չի տվել նրանց բենզին գողանալ: Երեկ, սակայն, Վաչիկ Պետրոսյանը չցանկացավ սույն դեպքի հետ կապված մանրամասներ հայտնել՝ նշելով, որ չի ցանկանում վնասել նախաքննության ընթացքին. «Ես իմ կասկածներն ունեմ, ամեն ինչ գիտեմ, բայց քննություն է ընթանում եւ իմ ամեն ավել բառը կարող է խանգարել քննությանը: Այն, ինչ ասվել է, դա իրականություն է ցավոք սրտի, մեր երկրի իրականությունն է: Միայն թուրքերը չեն, որ մերոնց կոտորում են, ներսից էլ կան թուրքեր»,- հավելեց զինծառայողի հայր: Մեր հարցին ի պատասխան՝ Պետրոսյանն ասաց, որ պարբերաբար կապի մեջ է եղել որդու հետ, խոսել նրա հետ. «Ես ամեն ինչ գիտեմ, գիտեմ նույնիսկ ում մասին է խոսքը (խոսքը սպայի մասին է,-հեղ.), բայց քանի որ քննությունը շարունակվում է, այս պահին չեմ կարող ասել: Ես ամեն օր խոսել եմ Հովհաննեսի հետ, իմ երեխեն ինձ հետ կիսվել է, պատմել է,  թե ինչ է կատարվում, ես ամեն ինչից էլ տեղյակ եմ, ինչ  էլ որ ծածկեն, հաստատ չեն կարող, էնքան շատ բան կա այնտեղ, որ այդքանը ծածկել չի լինի: Սա էն դեպքը չի, որ ծածկեն, ուղղակի այդքանը ծածկելն անհնար է, եթե ծածկեն, ձայնագրություններ կան»,- ասաց Վաչիկ Պետրոսյանը: Անդրադառնալով ինքնասպանության հասցնելը հոդվածով հարուցված քրեական գործին, Պետրոսյանը նշեց, որ իր համար պարզ չէ, թե ինչու է հենց այդ հոդվածով հարուցվել քրեական գործը. «Ինձ անձամբ քննիչն էլ ասել է, որ ինքնասպանությունը բացառվում է: Որդիս իմ հետ խոսել է, դուխը տեղն էր ու ասում էր, որ ընկել են ոտքիս հետեւից: Ինչպես կարող է ինքնասպանություն լինել, եթե երկու կրակոց է եղել՝ մի հատ քթի մոտից, մի հատ ճակատից, ի՞նչ ինքնասպանություն, նույնիսկ այդ վարկածը առաջին օրվանից է բացառվել, նման թեմա չկա, նկարները կան, ամեն ինչն էլ կա: Ուղղակի չգիտեմ…»,-ասաց նա՝ հավելելով. «Դժգոհությունը եղել է միայն սպաներից, անուններ այս պահին չեմ ասի, ձայնագրություններ էլ կան, այնպես չի, որ երեխու ասածը ֆանտազիա է եղել, ես էլ եմ խոսել սպաների հետ: Այդ թեմայով նույնիսկ վիճաբանություն է եղել»: Հարցին, թե որդու եւ սպաների միջեւ սկսված լարվածությունից հետո հրամանատարության հետ խոսե՞լ է, Պետրոսյանը պատասխանեց, որ պետք է գնար զորամաս, սակայն չհասցրեց:

Վերջինս նշեց, որ քրեական գործի շրջանակներում ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել: Նա մեր զրույցում ասաց, որ դեռ հավատում է, որ իրականությունը կբացահայտվի. «Ես մի քիչ ուզում եմ լավատես լինեմ: Իմ երեխեն ոչ հոգեկան հիվանդ էր, ոչ էլ եսիմ ինչ էր, որ ինքնասպան լիներ, ծառայակիցների հետ էլ խնդիրներ չուներ, երեխեքն իրեն շատ էին հարգում»,- հավելեց նա: Վաչիկ Պետրոսյանը նշեց, որ որդին բանակ էր զորակոչվել երեք ամիս առաջ, վարորդ էր. «Շատ լավ սպորտսմեն էր, պարապած՝ պատրաստի զինվոր, մեկ ամիս էր, ինչ ծառայում էր, արդեն լավ ծառայության համար շնորհակալություն էին հայտնել»,- ասաց Վաչիկ Պետրոսյանը: Մահացած զինծառայող Հովհաննես Պետրոսյանը մեկ քույր ունի:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե սույն քրեական գործի շրջանակներում ինչ նորություն կա, ձերբակալվածներ կա՞ն թե ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը նշեց, որ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է. «Տուժածի հոր՝ նախաքննության ընթացում մատնանշած հանգամանքների շուրջ եւս քննություն է տարվում: Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քննության արդյունքներով կայացվող որոշումների մասին լրացուցիչ կհայտնենք»,-ասաց Տռուզյանը:

Նշենք, որ առաջին դեպքը չէ, երբ բենզինի գողության պատճառով զինծառայող է «ինքնասպանություն» գործում: Մասնավորապես, 2010 թվականին ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում կախված էին գտել Վալերի Մուրադյանին: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նրա մայրը՝ Նանա Մուրադյանը, սակայն, արդեն մի քանի տարի է պնդում է, որ որդուն սպանել են եւ որպես հիմնավորում նշում է, որ որդին դեպքից 4 օր առաջ զանգել է եւ պատմել, որ սպայի կողմից վառելիքի գողության ականատես է դարձել:

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/85723