Բյուջետային միջոցները խնայողաբար ծախսելը կենսական նշանակություն ունի. Սերժ Սարգսյան

Անկախ ապրիլյան իրադարձություններից, անհրաժեշտ է և կենսական նշանակություն ունի  բյուջետային միջոցները խնայողաբար ծախսելը. այդ մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Վիեննայից վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում՝ անդրադառնալով հասարակության շրջանում առաջացած դժգոհություններին՝ պետական կենսագործունեության, պետական միջոցները ճիշտ բաշխելու վերաբերյալ։

«Բայց ո՞վ է ասել, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել, կամ դրա դեմ չենք պայքարել։ Իհարկե, պետք է դա անել։ Մեզնից յուրաքանչյուրը՝ օրենսդիր օղակ, թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին։

Մի անգամ չի, որ դրա մասին մենք խոսել ենք։ Պարտադիր չէր, որ այդ 4 օրը լիներ, որ մենք խոսեինք բարեփոխումների կամ փոփոխությունների մասին»,-ասել է ՀՀ Նախագահը։

Նա հիշեցրել է ապրիլի իրադարձություններից առաջ՝ փետրվարի 12-ին ունեցած իր ելույթը, որում խոսել էր փոփոխությունների մասին։

«Բայց մինչ խոսելը, երբ նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում էր փոփոխությունների սկիզբ։ Փետրվարը հաջորդ փուլն էր։ Եվ անկախ նրանից՝ ռազմական գործողություններ են եղել, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան։

Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ պիտի հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի»,-ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահի խոսքով՝ միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել՝ նրանց դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար։
«Բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը խնդրին համեմատության մեջ նայելն է։ Ճիշտ ճանապարհը սա է»,-ասել է Սերժ Սարգսյանը։

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/17/Predient/2022406