Համայնքային թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառմանը

Այս տարի ևս Երևանում կանցկացվի Թանգարանների միջազգային օրը, որն ըստ ավանդույթի նշվում է մայիսի 18-ին, ինչպես նաև «Թանգարանների եվրոպական գիշերը»` մայիսի 21-ին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջոցառումներ, որոնց ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան անվճար այցելելու երևանյան թանգարաններ:
«Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» կարգախոսի ներքո անցկացվող այս տարվա մշակութային միջոցառումներին, ինչպես միշտ, գործուն մասնակցություն կցուցաբերեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները` Երևան քաղաքի պատմության թանգարանը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Կ. Դեմիրճյանի թանգարանը և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը:
Ի դեպ, քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն այս տարի հանդես կգան համատեղ միջոցառումների ծրագրով՝ «Երևանի քաղաքապետարանի թանգարանները Էրեբունու մշակութային լանդշաֆտում» խորագրի ներքո. հին ու նոր Երևանի լուսանկարների ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում, խորհրդային և անկախ Հայաստանի տարիներին «Էրեբունի-Երևան» ամենամյա տոնակատարություններին վերաբերող վավերագրական ֆիլմի ցուցադրություն՝ Կարեն Դեմիրճյանի թանգարանում, Նազիկ Ասլանյանի անհատական ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանում և, իհարկե, անմոռանալի գիշերային զբոսանք Էրեբունի միջնաբերդում. այս ամենը՝ մայիսի 21-ին՝ «Թանգարանների եվրոպական գիշեր» միջոցառման ծրագրով:
2016թ. «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է մշակութային ժառանգության պահպանության բնագավառում միջազգային ամենահին կազմակերպություններից մեկի` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թ.՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:
Գարնանային միջոցառումներին այս տարի մասնակցում է Հայաստանի 112 թանգարան, մայիսի 21-ին` ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին՝ ողջ օրվա ընթացքում:
Հիշեցնում ենք, որ մասնակից թանգարաններն այցելուներին կսպասարկեն անվճար:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/17/InternationalMuseumDay/2022494