Հայկական Զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն. ՊՆ խոսնակ

«Սեֆիլյանի տեղեկությունների մասին երեկ ասել եմ: Այնքան էլ լուրջ չի նստել քարտեզի վրա դա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատրաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ եք ներկայացնում՝ հյուսիս-հարավ խառնած»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրուցում նշել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ հյուսիսարեւելյան հատվածում 7 մլն քառակուսի մետր տարածքային կորստի մասին հայտարարություններին:

Նա նշել է, որ հարգում է Սեֆիլյանին ու նրա կողքին կանգնած զինվորականներին, սակայն անլուրջ է նման հայտարարություններ անել՝ հատկապես, եթե այդ տարածքում չես եղել:

ՊՆ մամլո խոսնակն անդրադարձել է նաեւ լրագրող Թաթուլ Հակոբյանի ներկայացրած տվյալներին: Նրա խոսքով՝ հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձեւով դեռեւս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել:

Լրագրողի ներկայացրած տվյալների համաձայն՝ Հարավային ուղղությամբ (Արա լեռ-Ղազախլար)՝ Լելե թեփե բարձունքի շրջանում, արցախյան բանակը կորցրել է 7 ռազմական դիրք: Հյուսիսային ուղղությամբ (Մատաղիս/Թալիշ-Թափ Կարակոյունլու) արցախյան բանակը ապրիլ 1-2-ի գիշերը կորցրել է տասնյակ ռազմական հենակետեր, իսկ առաջին գիծը, ինչպես հարավային ուղղությամբ, գրավվել է հակառակորդի կողմից:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Թաթուլ Հակոբյանը նշել է այնպիսի տերմիներ, որոնք ընդհանրապես չի կարելի կիրառել՝ միեւնույն ժամանակ նշելով, որ լրագրողի ներկայացրած տվյալը մի քիչ մոտ է իրականությանը: «Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողությունները շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ գործողություններ են ընթանում, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները»,- ասել է ՊՆ խոսնակը եւ հավելել, որ կորցնել բառն այնքան էլ չի սիրում եւ նման դիրքային փոփոխություններն այս տարիների ընթացքում մշտական են եղել, ընդ որում՝ հօգուտ հայկական կողմի:

 

Աղբյուրը`armtimes.com