Հռոմի պապի հայաստանյան այցը կրկին լարվածություն կառաջացնի Անկարայի ու Վատիկանի միջև. The Daily Mail-ի անդրադարձը Պապի սպասվելիք այցին
Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` հունիսի 24-ին Հայաստան կատարելիք այցին` նկատելով, որ այդ փաստը կշարժի Թուրքիայի զայրույթն ու լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի դիվանագիտական հարաբերություններում:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարի Հռոմի պապը հրապարակայնորեն որպես «ցեղասպանություն» էր որակել 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը:
«Իր եռօրյա այցի 2-րդ օրը պոնտիֆիկոսն այցելելու է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը, անկասկած, կրկին լարվածություն կառաջացնի Վատիկանի ու Անկարայի միջև»,-գրում է պարբերականը` հիշեցնելով, որ անցած տարի Թուրքիան նոտա էր հղել Վատիկանի դեսպանին` Ֆրանցիսկոսի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆրանցիսկոս պապի այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը ՀՀ Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան:
Աղբյուրը` tert.am