Եթե այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա ապրիլի 3-ին էր պետք ճանաչել ԼՂ անկախությունը. Ալ. Արզումանյան

 

 

ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ԼՂՀ անկախության ճանաչմանը։
Խոսրով Հարությունյանն այս հարցում կարևորեց ՀՀ նախագահի դիրքորոշումը: «Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ ասել է, որ Արցախի ճանաչման խնդիրը օրակարգ կմտնի կախված հնարավոր զարգացումներից, դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես մերժում են ճանաչման գաղափարը, խոսքը գնում է երբ և որ պահին, պետք է լինի ադեկվատ՝ ստեղծված իրավիճակին»,- ասաց նա:
Նա նշեց, որ այս պահին դեմարշ գոյություն չունի, խնդիրը բնականոն զարգացման փուլում է  գտնվում և կախված զարգացումներից, կարող է որոշումներ կայացվել անհրաժեշտ պահին: «Խնդիրը օրակարգում չէ, սակայն դա չի նշանակում, որ հարցն ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- հավելեց նա:
Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ ՀՀ երեք նախագահների օրոք էլ մոտեցում է եղել, որ երբ հարձակման ենթարկվի ԼՂ-ն, լինի պատերազմական իրավիճակ, Հայաստանը պատրաստ պետք է լինի ԼՂ անկախությունը ճանաչել: «Ես գտնում եմ, որ եթե  այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա ապրիլի 3-ին էր պետք ճանաչել ԼՂ անկախությանը.  ուղակի հավաքվել և միաձայն ընդունել այդ որոշումը և հնարավորություն տալ իշխանություններին՝ շարունակել ռազմական գործողությունները: Եթե այդ պահին չարեցինք, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ճանաչման գաղափարը»,- ասաց նա:
Նա ասաց, որ հիմա կնախընտրեր խուսափել այդ թեմայից: «Թողենք բանակցային գործընթացը վերսկսվի»,- ասաց նա և նշեց, որ պատերազմական վտանգի դեպքում նոր պետք է անդրադառնալ հարցին, քանի որ ակնհայտ է, որ 131 պատգամավորներն էլ ուզում են ճանաչել:
Թևան Պողոսյանը, որը վերջերս է վերադարձել Արցախից, ասաց, որ Արցախում բոլորի համար անհասկանալի է այս հարցի այսքան երկար քննարկումը: «Ես ավելի շատ կարևորում եմ, որ այս գործիքը պետք է դառնա քաղաքական օրակարգի մաս, բայց մինչև չունենանք լիակատար պատկերացում, լինենք լավ տեղեկացված և իրազեկ որոշում կայացնենք, մենք կարող ենք ավելի շատ խանգարել, քան օգնել գործընթացին: Պետք է հասկանանք, ինչ ներքին տնային աշխատանք պետք է կատարենք»,- ասաց նա:

 

 

Աղբյուրը`  http://www.tert.am/am/news/2016/05/12/alik-arzumanyan/2018172