Արցախը երբեք Ռուսաստանից աջակցություն չի ստացել, ոչ 90-ականներին, ոչ հիմա. ԼՂՀ վարչապետ
Արցախը երբեւէ աջակցություն չի ստացել Ռուսաստանից, ոչ էլ ակնկալում է: Ոչ 90-ականներին, ոչ այս օրերին, ոչ էլ ապագայում. Արցախին հիմնականում աջակցում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Անդրադառնալով քառօրյա պատերազմում կրակի դադարեցման Մոսկվայի խնդրանքին վարչապետը նշել է, որ Մոսկվան այդ դեպքում միջնորդ էր, ոչ թե աջակից:
«Ի՞նչն է դրդապատճառը Ադրբեջանի համար, որ մարտական գործողությունների է գնացել, կարելի է ենթադրել եւ արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական վիճակներից: Կան ենթադրություններ օֆշորային սկանդալի հետ կապված՝ շեղելու բնակչության ուշադրությունը, կարող ենք նաեւ նշել, որ պատերազմը թույլ է տալիս բավականին մեծ ֆինանսական միջոցներ դուրս գրելու եւ հետագայում եւս այդ ուղղությամբ աշխատելու, սա եւս չեմ ժխտում, որ եւս հավանական է: Ընդհանուր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները եւս չենք բացառում»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առճակատման պատճառով պատերազմի վերսկսման մասին հարցին:
Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Հարությունյանը պատասխանել է, որ ցավում է գործարքի համար, սակայն չի համարում, որ նման բաները բացառելը, քննադատելը ճիշտ չէ:
«Ցավում եմ, որ նման գործարք է կատարվել, բայց քննադատել, կամ բացառել նման երեւույթները, չեմ համարում, որ ճիշտ է, հասկանում եմ, որ այսօր ցանկացած երկիր առաջնորդվում է իր ազգային եւ ռազմական շահերով: Դրա համար ցանկացած պետության գլխավոր խնդիրն անվտանգությունն է եւ հարկատուները վճարում են պետությանը առաջին հերթին անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ արտաքին: Ընդամենը պետք է ճիշտ ընտրել ռազմավարությունը, գնահատել արտաքին անվտանգության մարտահրավերները եւ պատասխան միջոցառումներ իրականացնել: Այս քառօրյա պատերազմում մեր պաշտպանության բանակը կարողացավ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրը նաեւ այն բանի համար, որ միշտ եղել է իշխանությւոնների ուշադրության կենտրոնում: Ամենայն պատասխանատվությամբ հայատարարում եմ, որ այսօր պատրաստ ենք դիմակայել ցանակցած սադրանքի, նաեւ լայնածավալ մարտական գործողությունների»,-ասել է նա: