Արսեն Բաբայանը՝ իր անունը «Անալիտիկ» կայքի հետ կապելու մասին
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքայն իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, լրագրողներ ու ընկերներ, Կարծում եմ անհրաժեշտություն կա, որ խոսեմ իմ հասցեին տարածված զրպարտության մասին: Այսպես. Մամուլի առանձին միջոցներով անանուն զրպարտելը, ցավոք, նոր երևույթ չէ մեր իրականության մեջ: Միայն այն հանգամանքը, որ իմ հասցեին հնչած զրպարտության կոնկրետ հեղինակը թաքնվում է, այսինքն, եթե որևէ մեկն իսկապես լրատվամիջոցին այդպիսի տեղեկություն է հայտնել, ապա թույլ չի տվել հրապարակել իր անունը, արդեն խոսում է այն բացահայտ փաստի մասին, որ գործ ունենք ամենաէժան զրպարտության հետ: Կրկին ցավով պետք է նշեմ, որ պետական ծառայողներն այդօրինակ զրպարտություններից ապահովագրված չեն: Այսինքն՝ մի կողմից ունենք օրենսդրական համապատասխան պաշտպանություն, մյուս կողմից՝ լինելով պետական ծառայողներ՝ հիմնականում խուսափում ենք դատական պաշտպանության դիմելուց, որպեսզի առիթ չտանք մամուլի կոնկրետ միջոցին երևակայելու, թե իրեն փորձում ենք ճնշել: Երկրորդ երևույթը, ցավոք, որոշ լրատվամիջոցների առիթ է տալիս անցնելու բոլոր սահմանները. անգամ, զրպարտության մակարդակը հասցնելու քրեական օրենսգրքով նախատեսված սուտ մատնություն հանցանքի հատկանիշներին: Թեև այս պահին կոնկրետ որոշում չունեմ, թե ինչպես եմ պաշտպանելու խախտված իրավունքներս, սակայն, կարծում եմ, որ առնվազն անհրաժեշտություն է՝ բացահայտել զրպարտության կոնկրետ հեղինակին: Լինի լրագրողն անձամբ, թե որևէ մեկի ուղղորդմամբ: Այդ ուղղությամբ հավանաբար օրենսդրությամբ վերապահված որոշակի գործողություններ կիրականացնեմ»:
Աղբյուրը ՝ http://iravaban.net/126191.html
© iravaban.net կայք