Չարենցավանի բժշկական կենտրոնը աղբով է շրջապատված (լուսանկարներ)

Չարենցավանի բժշկական կենտրոնի հարակից տարածքում սփռված աղբը շատերի համար կարող է զարմանալի թվալ, մանավանդ երբ առողջապահական հիմնարկն է գտնվում սանիտարահիգիենիկ նման միջավայրում: Բժշկական կենտրոնի տնօրենը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով առկա իրավիճակը, ասաց, որ պատճառը թափառող կենդանիներն են, հատկապես շները ու նաեւ քամին, որոնք էլ տարածում են աղբը, մինչեւ այն տեղափոխելը:

Նա նշեց, որ աղբը հիվանդանոցինն է եւ այն տեղափոխում է «Բարմակ» ՍՊԸ-ը` երկօրյա պարբերականությամբ: Պայմանագրով, ըստ նրա, հենց այդ ժամկետն է սահմանված: «Աղբահանության խնդիր չունենք, հիվանդանոցի տարածքը մաքուր է, որեւիցե աղբ չկա: Իսկ ինչ վերաբերում է հիվանդանոցից դեպի վերեւ` կարի ֆաբրիկա տանող ճանապարհին, այդտեղ աղբամաններ կան տեղադրված: Այդ աղբամանների աղբը տարածվում է: Դա համարյա հարյուր մետր հեռու է»,- ասաց Չարենցավանի բժշկական կենտրոնի տնօրեն Գառնիկ Սահակյանը:

«Խնդիրը գիտե՞ք ինչն է, որ աղբը լցվում է այդտեղ, մինչեւ տանելը շները, կատուները այդ աղբը հանում են, թափում են կողքերը: Տհաճ է, տգեղ է, իհարկե, բայց դե հավաքվում է, պարբերաբար աշխատողները մաքրում են այդ տարածքը: Ուղղակի այստեղ այդ կենդանիների խնդիրն է: Ինչ-որ մի պահ վերացրին, կրակեցին թափառող շներին, հիմա նորից կան: Այդ կենդանիների խնդիրն է երեւի պետք լուծել»,- կարծիք հայտնեց Գառնիկ Սահակյանը:

 

81296

 

 

Աղբյուրը` armtimes.com