Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիի համալսարանում  հանդես է եկել ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ելույթով։

 

Էդվարդ Նալբանդյանը իր ելույթում նշել է.«Պրոֆեսոր Քիվիեն,
Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ եմ Ալեքսանդերի ինստիտուտին և Հելսինկիի համալսարանին ինձ հյուրընկալելու և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումները քննարկելու հնավորություն ընձեռելու համար:

Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:

Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր (այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը): Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով: Բանակցությունների էությունը եղել է մի կողմից խնդրի քաղաքական կարգավորում գտնելու անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի ամրապնդումը:

Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ:  Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով «իսլամաֆոբների»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը:

Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, որ իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց:

Ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը  բազմիցս դատապարտվել է միջազգային հանրության կողմից: Մեր հարևանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:

Քառօրյա պատերազմի ընթացքում մենք  Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ Դաեշ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների աճյունների վերադարձ, ակնհայտ էր, որ մարմինները բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:

Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորն անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող  հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից»:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/05/02/Nalbandyan/2008403