Տեսախցիկները ֆիքսել են 63 համարի ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի շարժը դեպքից առաջ

 

 

Երեւանում տեսախցիկները 63 համարի ավտոբուսի պայթյունից մեկուկես ժամ առաջ ֆիքսել են, որ պայթյունի ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ուսապարկով գնում է մոր տան ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի տարածած տեսանյութից:

Ըստ քննչական կոմիտեի՝ կադրերից պարզ է դարձել, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում, դա պարզելու համար նշանակվել է փորձաքննություն:

Նույն տեսախցիկները ֆիքսել են նաեւ, որ Ռուբեն Բալյանը 21:44-ին բարձրանում է 63 համարի ավտոբուս:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել է ապրիլի 25-ին, ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Կա երկու զոհ եւ 8 տուժած:

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պայթած ավտոբուսի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ Քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով վնասել նրանց:

ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, որը ՀՀ քաղաքացի Ռուբեն Բալյանն է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ:

«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ:

Ավտոբուսի պայթեցման ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանն ավարտել է ԵՊՀ-ի Երկրաբանության ֆակուլտետը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանության ֆակուլտետեում աշխատել որպես գիտաշխատող: Նա երկու անգամ դատված է եղել սպանության հանցակցության և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:

Լուրեր Հայաստանից — NEWS.am