Արագած Ախոյանը այլեւս ԲՀԿ-ական չէ
Ախոյանը հեռացավ առաջինը
<<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընտրողներ
Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր ներկայացրել եմ դիմում՝ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով <<Արեւմտահայոց Ազգային Համագումար>> միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ եւ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով եւ իհարկե նաեւ իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով: Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:
Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաեւ , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների եւ կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես <<Արեւմտահայոց Ազգային Համագումար>> կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր:
Շնորհակալություն
Արագած Ախոյան
16.02. 2015թ.