Արցախում նահատակված զինծառայողներից երկուսը ոսկրածուծի դոնորներ են եղել. կյանքեր են փրկվել
Արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին: Հիմնադրամից այսօր տեղեկացրել են, որ
Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006 ից 2010 թվականներին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:
«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար», — ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը, ապա հավելել,-«Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության եւ հերոսության հանդեպ էլ ավելի մեծ: Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաեւ խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին:
Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում եւ ՀԿ-ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է եւ կարեւոր: Հայ զինվորները եւ սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլեւ նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը եւ Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին»:
Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/84568