ԸՕ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ԱԺ-ում վեճ բռնկվեց
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ: ԸՕ-ն ընդունվեց 98 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Ընդդիմադիր պատգամավորները վարման կարգով ձայն էին խնդրում քվեարկությունից առաջ, սակայն ԱԺ նախագահը հայտարարեց քվեարկության մասին և որից հետո միայն հնարավոր կլինի վարման կարգով ձայն տալ այն պատգամավորներին, ովքեր ցանկություն ունեն խոսելու:
«Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ-օրենքի կոպտագույն խախտում. վարման կարգով թույլ չտրվեց պատգամավորներին խոսել: Նա տեղեկացրեց,որ մտադրություն կար 20 րոպեով ընդմիջում պահանջել, որից էլ խուսափելու համար վարման կարգի օրենքը խախտվեց:
«Ո՞նց կարելի է այդպես անել, ինչո՞ւ եք հենց սկզբից ռումբ դնում այս ԸՕ-ի տակ»,-ասաց նա:
Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե 20 րոպե վերցնելու պատգամավորների իրավունքը վարման կարգի հետ կապ չունի և ոչ մեկ նման առաջարկով հանդես չի եկել:Իսկ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ոչ մի կանոնակարգ–օրենք չի խախտվել և հղում արեց 56 հոդվածի առաջին կետը, որտեղ ասվում է, կարող են խոսել քվեարկությունից առաջ և հետո:
«98 հոգի տեսախցիկների առաջ օրը ցերեկով կողմ է քվեարկել, ի՞նչ խախտում, էս ինչ խաբար ա, չեմ հասկանում»,-ասաց նա: