Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյուն
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնեցին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կան, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների, մահացածի ինքնությունը:
7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/