Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել միայն ասել «այլևս երբեք», բայց դրանից բխող որևէ քայլ չնախաձեռնել. Քլունի
Ցեղասպանությունների դեմ պայքարելու համար պետք է դադարել պարզապես ասել «այլևս երբեք», բայց դրանից բխող որևէ քայլ չնախաձեռնել։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Երևան ժամանած ամերիկացի դերասան, «Not On Our Watch»-ի համահիմնադիր, բարերար, կինոարտադրող, «Ավրորա» մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունին։
Քլունին պատմեց, որ ինքը ծնվել է ԱՄՆ-ում, 60-ական թվականներին, երբ լուրջ զարգացումներ էին ընթանում քաղաքացիական իրավունքների, կանանց իրավունքների շարժման առումով և ինքը՝ որպես այդ տարիների ծնունդ, չէր կարող պատասխանատվություն չկրել ներգրավվելու մարդկության մեջ հանցագործությունների կատարման դեմ պայքարող շարժման մեջ։
«Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Այդ տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի հոդված, այնպիսի տպավորություն էր, որ ցեղասպանությունից փրկվածների թվում շատ մարդիկ կան, ովքեր օգնության ոչ մի հնարավորություն չունեն։ Ու ես որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկները պետք է ընդլայնեն մարդկանց պատմությունը՝ իմ միջոցով»,- պատմեց Ջորջ Քլունին։
Դերասանի խոսքով՝ ժամանակակից աշխարհում դժվար է հասնել «ցեղասպանություն» բառի կիրառությանը։ «Երբ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն էի տալիս «ցեղասպանություն» բառի հետ կապված, հասկացա, որ բարդ է ժամանակակից աշխարհի համար։ Իրենք կարծես հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել։ Նույնը Հայոց ցեղասպանության հետ կապված է։ Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ կոչես եղածն այն անունով, ինչն իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց երկար ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում։ Սա ցեղասպանություն է։ Այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնյա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- շեշտեց Քլունին։
Դերասանը նշեց, որ իրենց աշխատանքը պետք է երկու իմաստ ունենա՝ առաջինը նայել հետ, չմոռանալ և երկրորդը՝ նայել առաջ, շարժվել։ «Պիտի հիշենք, հետ նայենք, չմոռնանաք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց աշխարհի պատմության մի մասն էլ է, սա աշխարհ է, սա մի երկրի, մի ազգի ցավը չէ, երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք, մարդկանց հերոսությունը տեսնենք, ռիսկի ենթարկվողներին գտնենք, ովքեր ուրիշի կյանքն են ուզում լավը դարձնել»,- շեշտեց Ջորդ Քլունին։
Ըստ նրա՝ ինքը չի ծնվել մի երկրում, որտեղ երիտասարդ կանանց գողանում տանում են, բայց պետք է իր երջանկությունը՝ նման երկրում չծնվելու, ընդլայնի ու տարածի։ Ջորջ Քլունին նշեց նաև, որ աշխարհին հետաքրքրելու համար այս գլոբալ խնդիրներով հեռուստացույցը պետք է դադարի դեպքերը, մարդկային զոհերը ներկայացնել թվերով։
«Ամեն ինչ դարձել է թվերի խնդիր։ Ասում են, թե կա 600 միլիոն փախստական։ Բայց կարևորն այն է, որ մի փոքր տղայի պատկեր ներայացվի, այդ փախստականներից մեկի, որ մարդիկ տեսնեն՝ ինչ է իր համար մահը, որ ինքը փախնում է, որովհետև վախենում է մահանալ։ Մարդասիրության տեսլականը կորցնում ենք, երբ թվերով ենք ներկայացնում։ Մենք պետք է խոսենք մի մարդու մասին, ով կյանքն է փրկել, կոնկրետ դեպքի մասին է խոսքը, երբ նայում ենք իրենց աչքերի մեջ, իրավիճակն ամբողջովին փոխվում է։ Ես միացնում եմ CNN-ը ու տեսնում եմ դատարկ ամբիոն, սպասում ենք, որ Դոնալդ Դրամփը խոսի, դրա փոխարեն կարելի է Հալեպից դուրս պրծնող մարդկանց մասին խոսել, նրանք մահանում են, դրա համար հեռանում են։ Հուսով եմ, որ մենք կկենտրոնանանք ավելի գլոբալ հարցերի վրա, քան ընտրությունները»։
«Վաշինգթոն Փոսթ» ամերիկյան լրատվամիջոցի սյունակագիր, խմբագրի օգնական Դեյվիդ Իգնատիուսն էլ արձագանքեց․ «Եթե դադարեք լինել դերասան, եկեք Washington Post, լրագրող կընդունեմ ձեզ»։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/04/23/clooney-speech/1999160