Մեր կարծիքը չի փոխվել, որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը. Էդուարդ Շարմազանով
Տարածաշրջանի սպառնալիքը Թուրքիան է ու Ադրբեջանը՝ իրենց պանթուրքիստական նկրտումներով. Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողերի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Թուրքիան այն երկիրն է, որը բացահայտ սատարում է Ադրբեջանի իշխանությունների հանցագործ, ագրեսիվ քաղաքականությանը։ Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարը փաստեց, որ Թուրքիայի կոչերը ոչ թե խաղաղության, այլ ավելի շատ պատերազմի կոչեր էին։ Մեր կարծիքը չի փոխվել, որոշողը լինելու է Ղարաբաղի ժողովուրդը, բայց այս փուլում խոսել բանակցությունների մասին վաղ է, որովհետև դրա համար պետք է սպառազինության բալանսավորում ու գիտակցում, որ Ադրբեջանը չի գնա երկրորդ անգամ նման ահաբեկչական գործողությունների»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ ժամանակն է, որ միջազգային կառույցները սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, ինչի մեծ փորձ ունեն։
«Կան տարբեր մեթոդներ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, այսօր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը երեք համանախագահների անունից խոսեց, և ասաց, խնդիրը ունի բացառապես խաղաղ լուծում, ու այն սկզբունքների հիման վրա, որի մասին մինչ օրս խոսել ենք»,- ասաց նա։
ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ հայկական կողմը հերոսների կյանքի գնով կարողացավ ռազմաճակատում չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքը և այսօր էլ դիվանագիտական ասպարեզում արձանագրեց. «Ադրբեջանի ծրագիրը՝ դուրս գալ զինադադարից ու բերել նոր փաստաթուղթ, այս պահին գոնե ձախողված է»։
Հարցին, թե Սերժ Սարգսյան-Լավրով հանդիպման ժամանակ արդյոք քննարկվել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինելու հարցը, և ապրիլյան գործողությունների վերսկսման հավանականությունը որքան է կազմում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ ոչ ՀՀ-ն, ոչ էլ ԼՂՀ-ն երաշխիքներ տալ չի կարող, որովհետև նախահարձակ կողմը Ադրբեջանն է։
«Ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես կռվի։ Մենք չենք ցանկանում կռիվ, ոչ Եվրոպայում, ոչ Ռուսաստանում չեն ցանկանում պատերազմ այս տարածաշրջանում, բայց չեմ կարող խոսել մի երկրի երաշխիքների մասին, որը հակահայկական քաղաքականություն է վարում։ Դրական եմ համարում, որ համանախագահ երկրները հստակ նշում են՝ պատերազմ չի կարող լինել, պետք է գործի 1994թ-ի հրադադարի պայմանագիրը, և այն սկզբունքների վրա, որոնք դրված են»,- ասաց նա։
«Քաղաքականությունն ունի հրապարակային ու ոչ հրապարակային մաս, հույս ունեմ, որ հայ-ռուսական հարաբերություններում կլինի զարգացում ու բոլոր ոլորտներում կարող ենք ունենալ առաջընթաց։ Մի բան հստակ հայտարարեց Լավրովը՝ Կազանյան փաստաթղթից Հայաստանը չի հրաժարվել, եթե հրաժարվում է, ապա Ադրբեջանը։ Ագրեսիան սանձազերծել է այն պետությունը, որը դեմ է ներկայիս իրավիճակին»,- ասաց նա։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/04/22/sharmazanov/1998859