Ահազանգ. Գառնիի գյուղապետը ստո՞ւմ է.
Հանգստյան օրերին ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել. նրանք փակել են Գառնի-Գեղարդ ճանապարհը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով դադարեցնել Ազատի կիրճում իրականացվող շինարարական աշխատանքներն ու ծառահատումները: Այս մասին ահազանգում են ոչ միայն գառնեցիները, այլեւ բնապահպանները: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգան համակարգ» ծրագրով Ազատ գետի ջուրը խողովակներով տեղափոխել Արտաշատի վարչատարածքի Նարեկ եւ Քաղցրաշեն գյուղերը: Սակայն Գառնիի բնակիչները բոլոր հանրային լսումների ժամանակ մերժել են ծրագիրը: Եւ իրենց խոսքն առավել լսելի դարձնելու համար այս պահանջով արդեն մի քանի անգամ փակել են Գառնի գյուղ տանող ճանապարհը: Սակայն ապարդյուն:
Հանգստյան օրերին մի շարք բնապահպաններ ահազանգեցին, որ Ազատի կիրճում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ըստ գառնեցիների՝ կիրճում շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Ֆոր Դիրեքշըն» ՍՊԸ-ն: Շինաշխատանքների արդյունքում այդ տարածքում հատվել են ծառեր, հատվածաբար մասնատել էին «Գալակտիկա» ՓԲԸ-ի տարածքի շարունակությամբ գառնեցիներին պատկանող հողերը ոռոգելու համար անցկացված ջրատար խողովակները: Տեղեկացնենք, որ «Ֆոր Դիրեքշըն» ընկերությունը դեռեւս 2015 թվականին տեղի ունեցած մրցույթին մասնակցել է եւ շահել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնելու իրավունքը: Ըստ ընկերության՝ իրենք նույնիսկ ունեն «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի հետ կնքած պայմանագիր, Գառնիի գյուղապետի թույլտվությունը տարածքում աշխատանքներ կատարելու վերաբերյալ եւ տվյալ գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: Խնդրի շուրջ զրուցելու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի հետ, ով անմիջապես հայտարարեց. «Այս պահին շինարարական աշխատանքներ Ազատի կիրճում չեն իրականացվում: Չի եղել նման բան: Ես անձամբ գնացել եմ, ձորերը ման եմ եկել, ոչ մի աշխատանք չկա»: Ստացվում է, որ Գառնիի գյուղապետը ստում է, քանի որ անգամ տեսանյութ կա, որտեղ պարզ երեւում են իրականացվող շինաշխատանքները:
Աղբյուրը՝ http://armlur.am/517141/