«Հրազդանը հյուրընկալ քաղաք է, բայց քաղաքի իրական տերը հրազդանցին է». Արամ Դանիելյան
Ապրիլի 17-ին Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են լինելու Հրազդան, Թալին, Դվին, Սպիտակ, Բյուրեղավան քաղաքներում, հարակից գյուղերում: Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու են Հրազդանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ, ներկա քաղաքապետ, Հրազդանի ՀՀԿ տարածային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանը և ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության անդամ, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը: Հրազդանում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև «Հայկական վերածնունդ» («Օրինաց Երկիր») կուսակցության անդամ Արթուր Միսակյանը: Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի գրասենյակում տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի աջակիցների ժողովը, որի ժամանակ հայտարարվեց, որ Միքայելյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս իր խոսքում ասել էր, որ իրենց նախընտրական արշավի լեյտմոտիվը լինելու է Հրազդանում տրամադրության, մթնոլորտի փոփոխությունը, որը շատ երկար ժամանակ անկումային է, տխուր է, և դա երևում է Հրազդան քաղաքից: 168.am-ի հետ զրույցում Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանին, ով Հրազդանում հայտարարել է, որ այս ընտրություններում հաղթելու են՝ ժպիտ բերելով հրազդանցիների դեմքին:
– Հրազդանի քաղաքապետի գալիք ընտրությունները խոստանում են թեժ լինել, քանի որ Ձեր հիմնական մրցակիցն իր քաղաքական թիմով է հանդես գալու: Մտավախություններ չունե՞ք:
– Ասել եմ ու նորից կասեմ, որ ոչ մեկին մրցակից չեմ դիտարկում: Իմ հիմնական մրցակիցները քաղաքի դեռևս չլուծված խնդիրներն են: Ես ու մեր թիմն այդ խնդիրները պետք է շարունակենք լուծել գալիք տարիների ընթացքում: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, քաղաքապետի ընտրությունները միշտ էլ եղել են քաղաքի հոգսերով զբաղվող, քաղաքի խնդիրներին տիրապետող մարդկանց ընտրություններ: Գեղեցիկ ճառերով ոչ մի հարց չի լուծվում: Խոսողների պակաս չկա, աշխատող ու բեռ վերցնող մարդկանց պակաս կա:
– Այնուհանդերձ, Սասուն Միքայելյանի շտաբի պետ է նշանակվել Նիկոլ Փաշինյանը: Դա չի՞ փոխում Ձեր ծրագրերը:
– Քաղաքական գործիչների տեղն Ազգային ժողովում է: Չնայած լավ է, որ այս ընտրությունների շնորհիվ որոշ մարդիկ կիմանան Հրազդանի տեղը Հայաստանի քարտեզի վրա, կծանոթանան մեր քաղաքին, նրա հոգսերին ու կյանքին: Ափսոս, որ դա անելու են ընտրությունների, այսինքն՝ սեփական շահերի համար, և ոչ թե՝ սովորական ու պարզ մղումներով: Քաղաքային ընտրությունները քաղաքական չեն լինում ու չեն լինելու: Երևի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձելու են Հրազդանում ինչ-որ բան անել: Բայց վստահ եմ, հրազդանցին ասելու է, թե ինչ է մտածում ամեն տեսակի լաբորատոր փորձերի մասին:
– Դուք էլ եք քաղաքականացված, Հանրապետական եք, կուսակցական կառույցի ղեկավար: Դա չի՞ հակասում Ձեր ասածին:
– Իհա՛րկե ոչ: Ես այս քաղաքում ծնված-մեծացած եմ: Հրազդանցի եմ ուղն ու ծուծով: Իմ կուսակցական թիմն օգնել է ինձ լուծել քաղաքի խնդիրները, առաջ տանել մեր քաղաքի ծրագրերը: Քաղաքական առումով ես հանրապետական եմ, գործնական առումով՝ քաղաքի կառավարիչ: Հրազդանը ոչ թե քաղաքական թատերաբեմ դառնալու կարիք ունի, այլ իր խնդիրների կայուն ու երկարաժամկետ լուծումների կարիք:
– Դուք երկար ժամանակ քաղաքապետ եք: Այդ խնդիրներն ինչո՞ւ չեն լուծվել:
– Քաղաքապետ եղել են տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում: Եթե ուզում եք արդյունքը տեսնել, համեմատեք քաղաքն այսօր և 18 տարի առաջ: Իհարկե, չլուծված հարցերն էլ են շատ: Ես լավ գիտեմ քաղաքի հոգսը, հրազդանցու սպասելիքները, ու պատրաստ եմ շարունակել աշխատել, որ էլ ավելի թեթևացնեմ մեր քաղաքի բեռը:Այդ հարցերը դրսից հյուրախաղերի եկած մարդկանցով չեն լուծվելու: Հրազդանը հյուրընկալ քաղաք է, բայց քաղաքի իրական տերը հրազդանցին է:
Աղբյուրը `<a href=»http://168.am/2016/03/12/608178.html»>© 168.am</a></br>