Նախագահն ընդունել է «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոյին, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարար Վասիլի Ժարկոյին և Ղազախստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի տեղակալ Ելժան Բիրտանովին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և կարևորել հանրային առողջապահության արդի խնդիրներին ու մարտահրավերներին նվիրված երևանյան համաժողովը: Ընդգծելով, որ ամբողջ աշխարհում հանրային առողջապահությունը համարվում է ազգային անվտանգության ամենակարևոր գործոններից, ինչպես նաև պետությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության հաջողության գլխավոր չափանիշներից մեկը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրային առողջապահության խնդիրներն արդի աշխարհում չեն ճանաչում սահմաններ, ի հայտ եկած նոր վիրուսների համաճարակը չի սահմանափակվում մեկ պետությամբ և այսօր լրջագույն վտանգ է բոլոր պետությունների ժողովուրդների համար: Այս և նման խնդիրները, Նախագահի համոզմամբ, հնարավոր է արդյունավետորեն լուծել միայն սերտ համագործակցության, մասնագիտական փորձի փոխանակման, ոլորտի հաջողություններն ու ձեռքբերումները գործընկերների հետ կիսելու շնորհիվ, ինչին է միտված նաև Երևանում անցկացվող նախարարական համաժողովը:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին և առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նման կարևոր քննարկումների հարթակ ստեղծելու և մասնակցության հրավերի համար, նշելով, որ հանրային առողջապահության ոլորտում փոխգործակցության լայն դաշտ և չիրացված մեծ հնարավորություններ կան: Նրանք գոհունակությամբ են փաստել, որ Երևանում անցկացվող համաժողովում բավականին հետաքրքիր և փոխադարձ օգտակար ելույթներ են հնչել, փաստեր ներկայացվել, անդրադարձ է եղել առաջավոր փորձի կիրառմամբ մասնակից երկրներում իրականացվող ծրագրերին, ոլորտի բարեփոխումներին, առկա խնդիրներին ու մտահոգություններին: Այս ձևաչափով գործընկերությունը, նախարարների համոզմամբ, զգալիորեն կնպաստի ինչպես ոլորտի պատասխանատուների միջև հարաբերությունների և համագործակցության ամրապնդմանը, այնպես էլ առողջապահության զարգացմանը:

 

Աղբյուրը`http://operativ.am/?p=160564&l=am